Այսօր Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում կնքված` «Զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը կարգավորում է Գործընկերության տարածքում ՆԱՏՕ-ի անդամների եւ գործընկեր երկրների զինված ուժերի տեղակայման հարցերը եւ կանոնակարգում է այդ ծրագրին Հայաստանի մասնակցության իրավական հիմքերը: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը, երեկ ներկայացնելով փաստաթուղթը խորհրդարանում, իրավական հարաբերությունների չկարգավորվածությունը այս ոլորտում խոչընդոտում էր հայկական կողմի լիիրավ մասնակցությանը Գործընկերության ծրագրի միջոցառումներին: Նրա խոսքերով, փաստաթուղթը օրենսդրական կարգով կոչված է ապահովելու նաեւ հայ զինծառայողների անվտանգությունը այլ երկրներում:





