ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը աննպատակահարմար են գտնում հայտնել իրենց գտնվելու վայրը` զգուշանալով անհապաղ ձերբակալությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է Ա.Գեղամյանը, ներկայումս նա Երեւանում է, իր ընկերների մոտ` չճշտելով «հասկանալի պատճառներով» իր գտնվելու ստույգ վայրը: «Խոսքը չի վերաբերում ընդդիմության առաջնորդների վախին կամ ինչ-որ մեկից թաքնվելուն, այլ հետագա գործողությունների մշակման համար ուժերի վերախմբավորման նպատակահարմարությանը»,- ասել է նա: Ա.Բազեյանը նույնպես չի բացահայտել իր գտնվելու վայրը` զգուշանալով անհապաղ ձերբակալությունից, «ինչը անցանկալի կլիներ»: Պատգամավորը նշել է, որ իրեն հայտնի է նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի թաքնվելու վայրը, սակայն մտադիր չէ հաղորդել այդ մասին, «ընդդիմության գործողություններին չխանգարելու համար»: Ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է մանրամասն վերլուծել եւ որոշել հետագա քայլերը, նշել է Բազեյանը: Ռադիոկայանը հաղորդել է, որ ներկայումս ընդդիմության կենտրոնակայանները շրջափակված են ոստիկաններով, դուրս են բերվում փաստաթղթեր: Մանրազնին խուզարկվում է նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության գրասենյակը: Խուզարկություն է կատարվել նաեւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի բնակարանում:





