AM
24 Ապրիլ 2004 - 17:00 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Մենք վճռական եւ հետեւողական կլինենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն հասնելու գործում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների դրման արարողությունից հետո: Նրա խոսքերով, Հայաստանը այդ ուղղությամբ բավականին ակտիվ ջանքեր է գործադրում` ամեն տարի հասնելով նոր հաջողությունների: Սակայն անելիքները դեռեւս շատ են եւ այդ ուղղությամբ աշխատելու ռեսուրսները բավականին մեծ, ընդգծել է Ռ.Քոչարյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի ջանքերը այսօր ուղղված են Հարավ-կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: «Հայաստանում կառուցվում է նոր, խաղաղ եւ բարգավաճող հասարակություն: Հանուն նման Հայրենիքի մեր հայացքը ուղղված է դեպի ապագա»,- ասել է Հայաստանի ղեկավարը: