AM
7 Մայիս 2004 - 14:57 AMT

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ «ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՅԼ Է», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

ԱՄՆ գտնում է, որ Հայաստանում ընդունված հանրահավաքների եւ երթերի անցկացման կարգի մասին օրենքը «ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վիեննայում: Միեւնույն ժամանակ ամերիկյան դիվանագետը կոչ է արել Հայաստանի կառավարությանը աշխատել Եվրոպայի Խորհրդի եւ այլ փորձագետների հետ «այդ օրենքի հետագա կատարելագործման եւ այն միջազգային չափանիշներին լիովին համապատասխանեցնելու համար»: «ԱՄՆ-ին բավական երկար ժամանանակ անհանգստացնում է այն, որ Հայաստանում դեռեւս ուժի մեջ է մնում Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը եւ շարունակվում է վարչական կալանքների պրակտիկան»,- հայտարարել է Դ.Դեւիդսոնը: «Մենք իշխանություններից ակնկալում ենք անցկացնել նաեւ քաղաքական ակտիվիստների վրա վերջերս կատարված հարձակումների համապարփակ հետաքննություն», – ասել է նա: