Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախաձեռնությունը` կազմակերպել իր կողմնակիցների երթը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք` անհաջողության է մատնվել: Մայիսի 9-ի հանրահավաքից հետո Բաքվի Շահիդների ծառուղուց ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Ղարաբաղ կամ մահ», փորձել են շարժվել դեպի Շուշի: Սակայն Բաքվի ոստիկանության ներկայացուցիչները պատճառաբանելով, որ ակցիան արտոնագրված չէ, ինչպես նաեւ, որ այն հղի է անցանկալի հետեւանքներով, կասեցրել են նրանց փորձերը: Այնուամենայնիվ, ցույցի մասնակիցներից մի քանիսը նստել են ավտոմեքենաներ եւ ուղեւորվել ադրբեջանական Բարդա բնակավայրը, որը մոտ է գտնվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծին: Այստեղ նրանց կանգնեցրել են սահմանը հսկող ադրբեջանական զինվորները: Ակցիայի մասնակիցները հրապարակել են Ղարաբաղն «ազատագրելու» մասին իրենց հայտարարությունները եւ հեռացել:





