AM
15 Մայիս 2004 - 13:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը քննարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում: Այդ մասին Ռ.Քոչարյանն ասել է Գործարար համագործակցության հայ-ռուսական ասոցիացիայի կազմակերպչական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ` ավելացնելով, որ երկու օր առաջ քննարկել է այդ խնդիրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հեռախոսազրույցում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ շուտով ակտիվ գործընթաց կսկսվի այդ խնդրի լուծումը գտնելու ուղղությամբ: Ամեն դեպքում, Վրաստանի նոր ղեկավարության մոտ չկա լուծումը հետաձգելու ցանկություն, ինչպես դա նախկինում էր: Վրաստանի նոր ղեկավարությունը ավելի շատ կամք, քաջություն եւ խնդիրները լուծելու ունակություն է ցուցաբերում», – նշել է Ռոբերտ Քոչարյանը: