AM
15 Մայիս 2004 - 14:29 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բուդապեշտում հայ զինծառայողին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը խոստովանել է իր արարքը: Նախօրեին Բուդապեշտի ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը, Սաֆարովը հայտնել է, որ «ծրագրել էր այդ սպանությունը որպես վրեժ` 1992 թվականին ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների սպանության համար»: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների ընթացքում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ոստիկանությունն այն ժամանակ հայտարարել էր, որ սպանությունը կատարվել է «անսովոր դաժանությամբ»` հաղորդելով, որ Սաֆարովը եւս մի հայ սպայի սպանելու անհաջող փորձ էր ձեռնակել: «Սպանությունից առաջ հանցագործի եւ զոհի միջեւ որեւէ լարվածություն կամ թշնամանք չի եղել», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ըստ հայտարարության, Սաֆարովը խոստովանել է, որ նախապես ծրագրել էր սպանությունը կատարել փետրվարի 26-ին` «1992 թվականի հայկական գրոհի տարեդարձին, երբ տասնյակ ադրբեջանցիներ էին զոհվել Լեռնային Ղարաբաղում», սակայն դա իրագործել է մինչ այդ օրը, քանի որ «հայերի ներկայությունը նյարդայնացնում էր» իրեն: Քննիչները Հունգարիայի Գլխավոր դատախազությանը առաջարկել են Սաֆարովին ներկայացնել «անսովոր դաժանությամբ կատարված կանխամտածված սպանության» մեղադրանք: