Հունիսի 11-ին Երեւան կժամանեն Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փորձագետներ Իրժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն, որոնք ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանում կներկայացնեն Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ զեկուցողների այցը նախատեսվում էր հունիսի 14-ին: Ինչպես ավելի վաղ լրագրողներին Երեւանում հաղորդել էր Ի.Յասկերնյան, Հայաստանում եռօրյա դիտարկման ընթացքում նրանք կհանդիպեն իշխանությունների, ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` «ԵԽԽՎ-ում անաչառ եւ հավասարակաշռված զեկույց ներկայացնելու նպատակով»: Զեկուցողը նաեւ հաղորդել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու մտադրության մասին, վերջապես հասկանալու համար, թե ինչ է պահանջվում ՍԴ 2003 թվականի ապրիլի «Հայաստանի նախագահին վստահության հանրաքվեի մասին» որոշմամբ:





