Ադրբեջանից Թբիլիսի ժամանած մի քանի տասնյակ վրացիներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանի Պետական գրասենյակի մոտ, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հանդիպումը Վրաստան իր առաջին պաշտոնական այցը կատարող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, դրանք ինգիլացիներ են` վրացիներ, որոնք բնակվում են պատմական արեւելավրացական Սաինգիլո տարածաշրջանում (ներկայիս Ադրբեջանի Կախի, Զակաթալայի եւ Բելոկանի շրջանները): Նրանք բողոքում են ազգային հողի վրա իրենց իրավունքների խախտման դեմ: Մասնավորապես, ակցիայի մասնակիցները պնդում են, որ տեղի ադրբեջանական իշխանությունները փուլ առ փուլ փակում են տարածաշրջանի վրացական դպրոցները, ստիպում են ինգիլացի վրացիներին փոխել ազգանունները եւ երեխաներին անվանել ադրբեջանական անուններով, ինչպես նաեւ ենթարկում են ազգային խտրականության այլ ձեւերի:





