Հուլիսի 16-ին Վիեննայում Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր են փոխանակել: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, հանդիպումը կայացել է Վիենայի համալսարանի «հայ-թուրքական պլատֆորմի» նախաձեռնության շրջանակներում: Կողմերը հանձնել են միմյանց ցեղասպանությունը հաստատող կամ հերքող 100-ական արխիվային փաստաթուղթ: Աղբյուրի համաձայն, մինչեւ տարեվերջ նրանք պետք է ուսումնասիրեն տվյալ փաստաթղթերը, որից հետո 2005 թվականին կկայանա երկրորդ հանդիպումը` ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա հայոց ցեղասպանության գաղափարները քննարկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Վիեննայի համալսարանը դիմել էր Թուրքական պատմական միությանը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային` առաջարկելով հանդիպել եւ համալսարանի հովանու ներքո 1915 թվականի ողբերգական իրադարձություններին նվիրված քննարկում անցկացնել:





