AM
20 Սեպտեմբեր 2004 - 13:30 AMT

ԵՄ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Եվրամիությունը պատրաստ է նոր էջ բացել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում` պատմական փոփոխությունների միջոցով: Այդ մասին երեկ Հայաստանում Ինֆորմացիոն եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին: Նրա խոսքերով, դրա համար խաղաղություն է անհրաժեշտ, եւ ԵՄ-ն ձգտում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում ու վերջ տալ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությանը եւ հարաբերություններում առկա լարվածությանը: Դա վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի խնդիրներին: Այնուամենայնիվ, ԵՄ-ն միջնորդ չէ եւ այդ կազմակերպությունը բանակ չունի: «Սակայն, մենք պետք է պաշտպանենք մեր սկզբունքները միայն ժողովրդավարության հաստատման ճանապարհով»,- նշել է Ռոմանո Պրոդին: Ժողովրդավարությունը չի կարող արմատավորվել ռումբերի կամ բանակի օգնությամբ, այլ միայն քաղաքական առաջարկությունների միջոցով, ավելացրել է նա: