«Ալանիայի կանայք հանուն հայրենիքի փրկության» կազմակերպության եւ Ալանիայի թեմի ուժերով կազմակերպվել է ճաշկերույթ Հայաստանի քաղաքացիների համար, որոնք արդեն մի քանի շաբաթ է կանգնած են Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանագծում Էրգնետի բնակավայրի մոտ: Նրանցից մի քանիսը այստեղ են գտնվում արդեն 48 օր, իսկ մյուսները եկել են «վերջերս»` հոկտեմբերի 8-ին: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, ավելի վաղ Վրաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Վիտոլդ Կարպը դիմել է բազմաթիվ ատյանների, սակայն բոլորը ասել են, թե դա իրենց իրավասությունից դուրս է եւ հարցը մնացել է չլուծված: Ուղեւորներից մեկը հիվանդացել է Բոտկինի հիվանդությամբ: Նրան վրացական իշխանությունները վերջապես թույլատրել են մեկնել տուն` Երեւան: «Մե՞նք էլ պետք է հիվանդանանք, որ մեզ թողնեն»,-հարցնում են մյուս ուղեւորները: Նրանք մեծ հուսյեր են կապում Հայաստանի նախագահի Վրաստան կատարելիք այցի հետ: Նշենք, որ աղետալի վիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիները շնորհակալություն են հայտնել օսական հասարակական կազմակերպություններին, որոնք այդքան ժամանակ ապահովել են նրանց սնունդով, բուժօգնությամբ:





