AM
3 Նոյեմբեր 2004 - 14:11 AMT

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԿԱՅԱՑԱԾ ԿԱՏԱԿ-ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Անկախ նրանից, թե ինչ ընտրություն կկատարեն Ամերիկայի քաղաքացիները, հայ-ամերիկյան հարաբերությունների որակը արմատական փոփոխություններ չի կրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահին կից անվտանգության խորհուրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների կապակցությամբ Երեւանի ամերիկյան դեսպանատանը կազմակերպված հանդիպմանը: Ինչպես հայտարարել է նախագահական մրցարշավին հետեւելու համար հավաքվածներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, «Ժողովրդավարությունը ծանր աշխատանք է: ԱՄՆ-ում ընտրություն կարվի, ընտրված թեկնածուն կդառնա երկրի նախագահը»: Նշենք, որ պատասխանելով այն հարցին, թե կախված է արդյո՞ք Իրաք կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ Հայաստանի որոշումը այն բանից, թե ով կընտրվի ամերիկյան պետության ղեկավար, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ այդ հարցը լիովին կախված է Հայաստանի Ազգային Ժողովի որոշումից: Միեւնույն ժամանակ, միջոցառմանը ներկա ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի կարծիքով, հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական գործընթացները, ԱՄն նորընտիր նախագահի հիմնական խնդիրը պետք է լինի քաղաքակրթությունների բախումը թույլ չտալը: Նրա խոսքերով, նման բախման կետ կարող են հանդիսանալ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը` «քրիստոնեական ամրոց իսլամական շրջապատում»: «Կարծում եմ, ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը պետք է իր գործունեությունը սկսի հենց այդ հարցի լուծումից»,-հայտարարել է Գեղամյանը: Նշենք, որ դեսպանատանը կայացած հանդիպման մասնակիցների շրջանում անցկացված կատակ-ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել սենատոր-դեմոկրատ Ջոն Քերին` 42 ձայն 8 դիմաց: Քվեատուփում հայտնաբերվել է նաեւ մեկ քվեաթերթիկ «կանաչների» կուսակցության օգտին, եւ մեկը` Ռոբերտ Քոչարյանի օգտին: