2001 թվականին սկսված Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են: Քննարկումներից եւ ուղղումներից հետո այն կհաստատվի մինչեւ 2006 թ.: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Երեւաննախագիծ» ընկերության տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը հաշվարկված է մինչեւ 2020թ.: Նախագծի համաձայն կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով կկառուցվի նոր արագընթաց ճանապարհ: Նախատեսվում է նաեւ քաղաքի կանաչ տարածքների ավելացում: Ներկայիս Դալմայի այգիների 256 հեկտարի վրա կհիմնվի քաղաքային այգի: Սա կլինի Երեւանի թվով հինգերորդ գլխավոր հատակագիծը: Նախորդը հաստատվել էր 1972 թ. եւ հաշվարկված էր մինչեւ 2000 թ.:





