Մարտի վերջին-ապրիլի 1-ին «ԱրմՌուսգազպրոմ»-ը կսկսի Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ըթացքում հայտարարել է վարչության նախագահ, ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` հիմնականում նախագծում շատ բան է փոխվել: Կարապետյանը նշել է, որ կառուցվող գազամուղի ֆորմուլան չի նախատեսում նրա օգտագործումը տարանցիկ նպատակներով` «գազը կիլովատի դիմաց» թույլ կտա ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը: Մեկնաբանելով Իրանի եւ Ուկրաինայի միջեւ անցկացվող բանակցությունները Իրան-Եվրոպա անդրմայրցամաքային գազամուղի շինարարության առնչությամբ` Կ.Կարապետյանը նշել է, որ ոչ հայկական կողմը, ոչ էլ ռուսաստանյան «Գազպրոմը» դրանցում չեն մասնակցում: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, «Եթե Իրանը եւ Ուկրաինան պայմանավորվեն եւ Հայաստանը հանդես գա տարանցիկ երկրի որակում, ապա մեր ընկերությունը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի մասնակցի այդ նախագծին: Դրա համար մենք ունենք պատրաստի բազա, տեխնիկա եւ մասնագետներ»,- հայտարարել է «ԱրմՌուսգազպրոմ» վարչության ղեկավարը:





