ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ Եռյակի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: Նրա խոսքերով, ԵՄ մոտեցումը յուրաքանչյուր երկրին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում անհատական կլինի: «Հարավային Կովկասում մենք բանակցում ենք տարբեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները եւ տարբեր հանգամանքները»,-նշել է նա: «Եվրոպան ողջունում է Հայաստանի եւ Վրաստանի եվրոպական ուղղվածությունը: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ մենք ընթանում ենք նույն ուղղությամբ»,-ավելացրել է Բրայան Ֆոլը: Նրա խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկի ժամկետները հաստատված չեն: Ընդ որում նա հիշեցրել է, որ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի նախագահության ժամկետը լրանում է 2005 թվականի դեկտեմբերի 31-ին եւ ավելացրել է. «Մենք կցանկանայինք, որ բանակցությունները սկսվեն մեր նախագահության օրոք»:
Նրա խոսքերով, ներկայումս Եվրամիությունը փորձում է աջակցել Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ երկխոսության հաստատմանը, քանի որ այդ երկրների հարաբերություններում առաջացած խնդիրները պատճառ հանդիսացան, որպեսզի բանակցությունները Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում հետաձգվեն: «Եթե Հայաստանն ու Վրաստանը ընթանում են եվրոպական ուղղությամբ, ցանկալի կլիներ, որպեսզի նման ուղղություն վերցներ նաեւ Ադրբեջանը, թեկուզ եւ այլ պեմպով»,-նշել է նա:





