AM
14 Դեկտեմբեր 2005 - 13:31 AMT

Լեռնային Ղարաբաղի նախագահ. Մենք բավականին հեռու ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումից

«Մենք բավականին հեռու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Ըստ Ա.Ղուկասյանի, միջնորդների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են կարգավորման հետ կապված բոլոր հարցերը: Ընդ որում միջնորդները «որեւէ նոր առաջարկություններ չեն ներկայացրել, խոսքը գնում է այս կամ այն հարցերի տարբեր վարիացիաների մասին»:«Չկա ձեւավորված առաջարկությունների փաթեթ, սակայն այդ առաջարկներում կան շատ վիճահարույց հարցեր»,-հայտարարել է Ա.Ղուկասյանը: «Ես ներկայացրեցի ղարաբաղյան կողմի դիրքորոշումը եւ ընդգծեցի, որ Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը»,-նշել է ԼՂՀ նախագահը:

Անդրադառնալով 2006 թվականին հակամարտությունը կարգավորելու հնարավորությանը` Արկադի Ղուկասյանը հայտարարել է.«Դժվար է ասել, մոտ ենք մենք կարգավորմանը, թե ոչ: Եթե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ կողմերը մոտ են կարգավորմանն, ուրեմն, դրա հիմքերը կան: Իրենց հերթին, միջազգային միջնորդները չեն թաքցնում, որ 2006 թվականն օպտիմալ են համարում հակամարտության կարգավորման համար, հաշվի առնելով հանգիստ քաղաքական իրավիճակը Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Սակայն, հնարավոր է դա, թե ոչ կարող է պատասխանել միայն Նոստրադամուսը: Բոլորի համար շահավետ է գտնել այդ հարցի լուծումը: Հարցի չկարգավորված լինելուց առաջին հերթին տուժում է ԼՂՀ-ն: Չկա այնպիսի իշխանություն կամ ժողովուրդ, որ պատերազմ ցանկանա: Կարծում եմ, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ արտահայտությունները եւս չեն արտահայտում ադրբեջանական ժողովրդի կարծիքը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: