AM
3 Փետրվար 2006 - 13:06 AMT

Հայաստանում եւ ԼՂՀ տարածքում չկան ԿՀՎ գաղտնի բանտեր

Հայաստանում եւ ԼՂՀ տարածքում չկան ԿՀՎ գաղտնի բանտեր: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «Ես կարող եմ հարյուր տոկոսով հերքել Հայաստանում եւ Ղարաբաղում տեղակայված գաղտնի բանտերի գոյության մասին տեղեկությունները»,- ասեց նա: Նշենք, որ վերջին ժամանակներս մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ հրատարակել էին նյութեր, որոնցում պնդում են, որ ԵՄ մասնակից պետությունները կարող էին իրենց տարածքում ստեղծել ահաբեկչության մեջ մեղադրվողների համար նախատեսված բանտեր: Եվրահանձնաժողովի կարծիքով, մամուլում տեղ գտած տեղեկությունները դեռ հիմք չեն հանդիսանում հետաքննություն սկսելու համար: Եվրախորհուրդը, իր հերթին, ստեղծել է հատուկ փորձագիտական խումբ, որին հանձնարարվել է ստուգել այդ տեղեկությունները: Նկատենք, որ հենց դա էլ պատճառ հանդիսացավ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ԿՀՎ գաղտնի կայանների մասին տեղեկատվության համար:

Խոսելով Հայաստանի ընտրական գործընթացներից` դիվանագետը հայտարարեց.« Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ընտրությունների կեղծումների հետեւանքով Հարավային Կովակսում այս կամ այն խնդրի առաջացման վկան դարձանք: Հայաստանում կայանալիք 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները պետք է անցնեն ազնիվ եւ թափանցիկ»: Ջոն Էվանսը հաստատեց , որ ԱՄՆ-ը պատրաստվում է 6 մլն. դոլար տրամադրել Հայաստանին թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: