Ֆրանսիական Լիոն քաղաքի դատարանը կասեցրել է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման թույլտվությունը: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, թե «Լիոնի մայր քաղաքապետարանն այդ հուշարձանը կանգնեցնելու օրինականությունը կասկածի տակ է առել»: Հաղորդվում է նաեւ, թե դատարանի որոշման մեջ մեծ է հուշարձանի կառուցման վայրի բնակիչների դերը, որոնք դիմումներ են հղել պատկան իշխանություններին: Մինչդեռ Լիոնի քաղաքապետ Ժերար Քոլոմբը հուշարձանի կառուցմանը դեմ հանդես եկողներին մեղադրել է «իրավական հարթության վրա հայդուկային պատերազմ» մղելու մեջ: Հիշեցնենք, որ Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման որոշումը հարուցել էր տեղի թուրք ազգայնականների վրդովմունքը, որոնք մարտի 18-ին բողոքի ցույց անցկացրին: Միայն ոստիկանության միջամտության շնորհիվ այդ ցույցը չվերածվեց ընդհարման քաղաքի հայ համայնքի եւ թուրք ծայրահեղականների միջեւ, հաղորդում է «Մարմարա» թերթը հղում անելով թուրքական «Միլիեթին»:





