«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն, ինչը հնարավոր է դարձել նաեւ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակներում հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների պատշաճ գնահատականի բացակայության հատեւանքով»,-ասվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «միջադեպերը, որոնք հանգեցրել են շփման գծում զոհերի թվի աճին, խորացնում են փոխադարձ անվստահությունը եւ կարող են բերել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի կայունությանը սպառնացող լարվածության լուրջ աճի: Այս առնչությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերահաստատում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը եւ հայտնում է իր պատրաստակամությունը կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ կողմերի անժամկետ գործող պարտականություններն, ամրագրված 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագրում, որը ստորագրել են ԼՂՀ-ի, ՀՀ-ի եւ ԱՀ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:
Մենք կոչ ենք անում մյուս երկու կողմերին` Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, որոնք ստորագրել են վերոհիշյալ համաձայնագիրը, միանալ մեր նախաձեռնությանը եւ հույս ենք հայտնում, որ համատեղ ջանքերով եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների, ինչպես նաեւ այլ միջազգային միջնորդների եւ շահագրգիռ կողմերի միջնորդությամբ հնարավոր կլինի վերահաստատել հավատարմությունը հիշյալ համաձայնագրին եւ իրականացնել փաստաթղթում ամրագրված մեխանիզմները` զինված ուժերի շփման գծում միջադեպերի տեղայնացման ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ կարգավորման նախապայմաններն են հանդիսանում, ի թիվս հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման, խաղաղարար գործընթացը հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, վստահության միջոցների ձեւավարումը, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդու իրավունքների հարգումը»:





