Վաշինգթոնի հայացքը ուղղված է Իրանի հարեւան երկրների կողմը: Այդ ցուցակում է նաեւ Ադրբեջանը: Այդ մասին «Էխո» թերթում գրում է քաղաքագետ Էլխան Շահինողլուն: Նրա խոսքերով, սկզբում Վաշինգթոն հրավիրվեց Ադբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը վերադարձից հետո հայտարարեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքները:
«Մի քանի օր չանցած Վաշինգթոնում հայտնվեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վաշինգթոն այցերի շարքը կավարտի Իլհամ Ալիեւը: Երկրի ղեկավարը պատրաստվում է իր առաջին պաշտոնական այցին ԱՄՆ: Չնայած Բաքվի պաշտոնատար անձինք պնդում են, որ մեր երկիրը չի միանա հակաիրանական կոալիցիային, այս այցերը կարող են նշանակել, որ Ադրբեջանը արդեն ներգրավվել է հակաիրանական քննարկումների մեջ»,- ասում է ադրբեջանցի քաղաքագետը:
Միեւնույն ժամանակ նա մատնանշում է Վաշինգթոնի «նշանային ինֆորմացիաները»: «Առաջին հերթին, որ ԱՄՆ նոր առաջարկներ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Պրահայի գործընթացի առումով: Երկրորդ հերթին, ԱՄՆ-ը մեծացնում են Ադրբեջանի ռազմական օգնությունը, ինչը պարզ դարձավ մեր պաշտոնատար անձանց Վաշինգթոն այցերի ընթացքում: Սպիտակ Տունը փորձում է ուղիներ գտնել դեպի պաշտոնական Բաքու` փորձելով երկիրը ներգրավել ապագա հակաիրանական կոաիլիցիայի մեջ: Սակայն եթե Վաշինգթոնը Ադրբեջանին խնդրում է աջակցել իրանական հարցում, այդ դեպքում պաշտոնական Բաքուն կարող է դրա փոխարեն պահանջել երկրի համար շահավետ ծրագիր` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գտնում է Շահինողլուն:





