AM
25 Ապրիլ 2006 - 14:52 AMT

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Մինսկում եւ Կիեւում

Ապրիլի 24-ին Սինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն: Արարողությանը մասնակցում էին Բելառուսում ՀՀ դեսպան Ս. Հարությունյանը, հայ համայնքային եւ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ Բելառոաի այլ էթնիկ համայնքների ու հասարակայնության ներկայացուցիչներ: Կատարվեց եկեղեցական սգո արարողություն, մասնակցությամբ Մինսկի եւ Սլուցկի միտրոպոլիտ, Համայն Բելառուսի պատրիարք Ֆիլարետի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, այնուհետեւ հնչեցին ելույթներ նվիրված Եղեռնին եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ապրիլի 24-ին նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ նաեւ Կիեւում: Կիեւի Պակրովյան եկեղեցու բակում, նախկինում այդտեղ 15-րդ դարի հայկական եկեղեցու գոյությունը հավաստող հուշաքարի մոտ կայացավ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Կիեւի հայ համայնքի եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի համատեղ միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, կիեւաբնակ հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանր, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում անցկացվեց նաեւ Օդեսայում: