Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հայտարարել է, որ «պետության ղեկավարը հանգիստ է վերաբերվում իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալուն, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակի հրաժարականի փաստին»: Այսօր մեկնաբանելով Հայաստանի նախագահի վերաբերմունքը «Օրինաց երկիր» կուսակցության եւ դրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին` Վիկտոր Սողոմոնյանը նկատել է, որ «կոալիցիայի կազմի փոփոխությունը սովորական է յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար»:
«Այս պարագայում եւս արտակարգ ոչինչ չի կատարվել, առավել եւս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ կոալիցիայի ներսում որոշակի անհամաձայնություններ կային, որոնք պետք է սրվեին նախընտրական շրջանում, ինչի ականատեսները մենք դարձանք վերջին մեկ ամսվա ընթացքում»,- հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հայաստանի նախագահի մալո քարտուղարը համոզվածություն հայտնեց, որ վերջին իրադարձությունները «ներքաղաքական ճգնաժամի պատճառ չեն դառնա»: «Ապահարզանը» տեղի է ունեցել քաղաքկիրթ միջավայրում, Հանրապետական կուսակցությունը եւ Դաշնակցությունը շարունակում են աշխատել քաղաքական մեմորանդումի շրջանակներում: Իրադարձությամբ թելադրված փոփոխություններից հետո Հայաստանի կառավարությունը եւ Ազգային ժողովը շարունակում են աշխատել սովորական հունով»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է Մեդիամաքսը:





