Վիեննայում ընթացող բանակցություններում Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ Սերբիայի եւ Կոսովոյի ալբանցիների պատվիրակություններին հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել: Ինչպես հաղորդել է բանակցություններում ՄԱԿ-ի միջնորդ ավստրիացի դիվանագետ Ալբերտ Ռոխանը, կողմերը պայմանավորվել են Կոսովոյում մշակութային եւ կրոնական օբյեկտները պահպանելու վերաբերյալ: Դա առաջին հերթին վերաբերում է Կոսովոյի էթնիկ ալբանցիներով բնակեցված շրջաններում սերբական ուղղափառ եկեղեցու օբյեկտներին: Չլուծված է մնում Վիեննայի բանակցությունների հիմնական հարցը` Կոսովոյի ալբանցիները պահանջում են Կոսովոյի լիակատար անկախությունը Սերբիայից: Բելգրադի կառավարությունը պատրաստ է այդ գավառին տրամադրել միայն ինքնավարության կարգավիճակ, հաղորդում է Deutche Welle-ն:





