AM
22 Հունիս 2006 - 09:00 AMT

Ռուսաստանի Կալուգայի շրջանում ավերված տապանաքարերի թվում կան նաեւ հայկականները

Օրերս Ռուսաստանի Կալուգայի շրջանի Կրեմենկի քաղաքում ավերիչների ձեռքից տուժել է գրեթե 130 տապանաքար: 15 խաչեր եւ մեկ հուշարձան շպրտվել են մայրուղու վրա: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Կալուգայից ստացված տեղեկատվության համաձայն, «Ռիտուալ» ընկերության տնօրեն Նիկոլայ Բաբինը նշում է. «Նրանք ավերում էին ամեն ինչ` երեխաների, վետերանների տապանաքարերը, որոնք նրանց պաշտպանել են, հրեաների եւ հայերի գերեզմանները»: Կասկածյալներին ձերբակալել են, հավանաբար, գերազմանատան վրա հարձակումը կճանաչվի հարբեցողների արարք: Որոնողական միջոցառումների ընթացքում ձերբակալվել են 2 երիտասարդներ` 17 եւ 18 տարեկան: Հետաքննությունը շարունակվում է: Սակայն նույնիսկ մեկ շաբաթ անց Կրեմենկիի բնակիչները չեն դադարում զարմանալ` հանցագործների կատարած աշխատանքի ծավալը աներեւակայելի է, տեղահանվել են ծանր հուշարձաններ: Ինչպես հաղորդում է տուժածներից մեկը` Վալերի Վելիցյանը. «Մենք դեռ այնքան էլ չենք տուժել, ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում մյուսների մոտ, եւ անհանգստանում եմ: Ես այդ վանդալներին ողջ-ողջ կայրեի եւ ինչ լինում է, թող լինի»: