«Ճիշտն ասած` ինձ չի զարմացրել այն փաստը, որ իր առաջին հարցազրույցը համանախագահողի պաշտոնում այդքան աղմուկ է հանել: Իմ հարցազրույցի օրը համանախագահները գիտեին, իմ նախորդը` Սթիվեն Մաննը, գիտեր, որ իրենց հենց նոր արած հայտարարությունը ԵԱՀԿ-ում մեծ նշանակություն ունի: Այդ հայտարարությունը կստիպի մարդկանց կրկին մտածել եւ տարածաշրջանում կհարուցի առողջ բանավեճ: Ես պարզապես աննախանձելի վիճակում էի, քանի որ ընդամենը մեկ ժամ առաջ էին ստանձնել պաշտոնը եւ հենց ես պետք է բացատրեի ուրիշների կողմից մինչ այդ ընդունված որոշումը»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, իրեն չի զարմացրել այն, որ առողջ բանավեճ է սկսվել: «Ինձ, այնուամենայնիվ, զարմացրեց այն, որ մարդիկ այդքան արագ արձագանքեցին հարցազրույցին` առանց կարդալու Ավստրիայում ԵԱՀԿ մշտական խորհրդում համանախագահների հրապարակած փաստաթուղթը, որտեղ ամեն բան շատ ավելի հանգամանորեն է շարադրված»,-հավելել է ամերիկացի համանախագահը:
Մ.Բրայզան նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու արտգործնախարարները չկարողացան համաձայնությն գալ միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների շուրջ: Նրա խոսքերով, խոսակցությունները Ղարաբաղը ուժով վերագրավելու կամ որեւէ կողմից ուժի կիրառման մասին պարզապես օգտակար չեն: «Դրանց անհրաժեշտությունը չկա, քանի որ սեղանի վրա է կենսունակ շրջանակային համաձայնագիր, որը պարզապես մի փոքր ավելի քաղաքական խիզախություն է պահանջում կողմերից` փոխզիջում ձեւավորելու համար: Ես կրկին պնդում եմ ասածս` դա օգտակար չէ: Համանախագահները գործադրել են իրենց ողջ երեւակայությունը եւ բանակցային եռանդը եւ, ըստ իրենց, հնարավորինս հղկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքների այս շրջանակը: Համանախագահները կարծում են, որ նախագահներին շատ ժամանակ պետք չէ մեկ անգամ էլ խորհրդածելու եւ որոշելու համար` ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում ընդունել կամ համաձայնեցնել այս շրջանակային համաձայնագիրը: Իսկ հայտարարության մեջ մեր ասածն այն է, որ այլեւս տեղ չի մնացել դիվանագիտական երեւակայության համար, որպեսզի մետաղի այս կտորը փոքր-ինչ ավելի վառ փայլի: Այն հղկված է, եւ ձեր որոշելիքն է` ընդունել կամ չընդունել այն: Կամ արվելիք փոխզիջումները քաղաքականապես այնքան նշանակալի են, որ պահանջում են պետության ղեկավարների սակարկությունը: Մենք էլ ասում ենք` շատ լավ, դուք արեք»,-հայտարարել է Մ.Բրայզան:
Ամերիկացի համանախագահը նշել է, որ հայկական ուժերի դուրսբերումը Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներից կթուլացնի լարվածությունը: «Այդ պատճառով էլ դա մեր առանցքային սկզբունքների առանցքային տարրն է: Բայց հայերը իրենց ուժերը դուրս չեն բերի, եթե մենք պարզապես ասենք. «Դուրս բերեք, որովհետեւ դա կթուլացնի լարվածությունը»: Նրանք դա կանեն, եթե դրա դիմաց որեւէ բան ստանան, եւ հենց դրան են վերաբերում այս առանցքային սկզբունքները: Ուստի անհրաժեշտ է, որ նախագահները դժվար որոշումներ կայացնեն»:
Մեթյու Բրայզան նշել է, որ վերջին հայտարարության մեջ արտացոլվել են նաեւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել զորքերի դուրս բերման համար: «Զորքերի դուրս բերման համար գործածված է «ապառազմականացում» բառը, եւ դա, ինչպես նշված է շրջանակային համաձայնագրում, պետք է կամ կարող է ուղեկցվել մի գործընթացով, որը կհանգեցնի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով բնակչության քվեարկության կամ հանրաքվեի: Կարծում եմ, հայերի համար դա չափազանց կարեւոր է, ուստի հենց դա կարող է ադրբեջանական կողմը առաջարկել հայերին` հայտարարության բովանդակած այլ դրույթների հետ միասին: Դառնալով ադրբեջանական կողմին, ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցով քվեարկության ձեւի հարցը, եթե առկա են փաթեթի ընդգրկած բազմաթիվ այլ տարրեր: Բարդությունն այստեղ այն է, թե ինչպես համաձայնեցնել հայկական ուժերի դուրսբերումը, կամ վերատեղակայումը Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով քվեարկության ժամկետի հետ: Սա է խնդիրը»,-ամփոփել է Մեթյու Բրայզան:





