AM
12 Հուլիս 2006 - 10:59 AMT

ՌԴ ԱԳՆ. «Վերին Լարս» վերահսկիչ-անցագրային կետն օգտագործվել է թմրանյութերի եւ զենքի մաքսանենգության համար

««Վերին Լարս» սահմանակետը բազմիցս օգտագործվել է տրանսազգային հանցագործ խմբավորումների կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր, գրոհայիններ եւ զենք Ռուսաստան տեղափոխելու համար` այդ թվում ահաբեկչական նպատակներով: Դա նաեւ կատարվել է վերջին ժամանակներս»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, բացատրելով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանային անցակետի ժամանակավոր փակման պատճառները: «Ռուսական կողմը գիտակցում է բնակչության եւ ապրանք արտադրողների, այդ թվում Հայաստանի, համար առաջացած բոլոր բարդությունները, որոնք առաջացել են անցակետի փակման հետեւանքով, եւ հնարավորություններ է որոնում մեղմացնելու համար իրավիճակը,-նշել է Կամինինը: – Հուսով ենք, որ վրացական կողմը եւս ըմբռնումով կմոտենա այս զուտ ժամանակավոր միջոցին եւ խոչընդոտներ չի ստեղծի այլ ուղղություններով ռուս-վրացական սահմանի հատման հնարավորությունները օգտագործելու համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ռուս սահմանապահները փակել են վրաց-ռուսական սահմանի հյուսիսային հատվածի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը անորոշ ժամանակով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, անցակետի փակումը կապված էր վերանորոգման աշխատանքների հետ: Դրանց ավարտի ժամկետը չի նշվում: Անցակետը փակ է բոլորի համար` ավտոտրանսպորտի եւ հետիոտների, ներառյալ Վրաստանի սահմանամերձ Կազբեգի շրջանի բնակչությանը, որի վրա եւս տարածվում է սահմանը անցնելու պարզեցված ռեժիմը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: