Վրաստանի ռազմական գործողությունը Կոդորի կիրճում ուղղակի Միխաիլ Սահակաշվիլու քաղաքական փիարն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների գծով բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, ոչ վրացիները, ոչ աբխազները չեն վերահսկում այն տարածքը, որտեղ մարտական գործողություններ են ծավալվել: «Սակայն այդ գործողությունը հնարավորություն է տալիս վրացական իշխանություններին բանակցություններ սկսել «այլ» պետական կազմավորումների հետ Աբխազիայի տարածքում, շրջանցելով պաշտոնական Սուխումին: Սակայն այդ տարածքն այնքան փոքր է, որ այդ մասին խոսելն էլ անլուրջ է, նրա մեջ չի մտնում նույնիսկ Գալիի շրջանը, որը հիմնականում բնակեցված էր վրացիներով»,-նշել է Մարկեդոնովը: Միեւնույն ժամանակ ռուս քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ադրբեջանի ցանկությունը հետեւել Վրաստանի օրինակին եւ մարտական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, ուղղակի անհիմն է: «Գործողությունը Կոդորիում ուղղակի զբոսանք է, ներխուժումը Ղարաբաղ` տեւական արյունահեղ պատերազմ կլինի, որում Ադրբեջանը կարող է տանուլ տալ: Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին խորապես էշելոնավորված պաշտպանական գոտի է, իսկ Պաշտպանության բանակը չի կարելի նույնիսկ համեմատության մեջ դնել Էմզար Կվիցիանիի վրացական «պարտիզանների» խմբի հետ: Լեռնային Ղարաբաղի տարածքը իրապես վերահսկվում է, ինչը, կրկնվեմ, չի կարելի ասել Կոդորի կիրճի վերաբերյալ: Այստեղ կա եւս մեկ կարեւոր պահ: Հանգուցյալ Հեյդար Ալիեւն Արեւմուտքում ձեւավորեց Ադրբեջանի իմիջը, որպես տուժած մի երկրի: Եվ այժմ, եթե այնուամենայնիվ մարտական գործողություններ սկսվեն ղարաբաղյան հակամարտության գոտում, այդ իմիջը մի վարկյանում կփլուզվի: Դա կլինի Իլհամ Ալիեւի վերջը, եւ ես չեմ կարծում, թե նա դա չի հասկանում: Ուղղակի սա կրկին քաղաքական փիար է` ժամանակ առ ժամանակ նրանք պետք է ասեն իրենց ժողովրդին, որ «Ադրբեջանը կազատի այդ հողերը»: Ավելին, Եվրոպան, ԱՄՆ-ն եւ նույնիսկ Ռուսաստանը միանշանակ դեմ կլինեն Ադրբեջանի ագրեսիային: Եթե հավելենք սրան նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործոնը, ապա հաստատ Ադրբեջանը Ղարաբաղի համար պատերազմ չի սկսի: Թույլ չեն տա»,-ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:





