AM
1 Սեպտեմբեր 2006 - 11:50 AMT

Բանակցություններին ԼՂՀ մասնակցության դեմ հանդես է գալիս բացառապես Ադսրբեջանը

Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի մասնակցության դեմ հանդես է գալիս բացառապես Ադրբեջանը: Բաքուն գերադասում է գործ ունենալ Երեւանի հետ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդիրը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային նկրտումների հարթություն փոխադրելու նպատակով: Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նրա խոսքերով, միջազգային միջնորդները ադրբեջանական կողմին զիջումների են գնացել, որպեսզի թույլ չտան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը մարի: «Բայց, համոզված եմ, այդ զիջումը ժամանակավոր բնույթ է կրում: ԵԱՀԽ Բուդապեշտի (1994 թվականի դեկտեմբերին) գագաթնաժողովի փաստաթղթերում ղարաբաղյան կողմը փաստորեն հակամարտության լիիրավ կողմ է ճանաչված: Բացի այդ, կան հարցեր, որոնք առանց մեր մասնակցության պարզապես լուծել չի լինի: Եվ այդպիսի հարցերը մեկը-երկուսը չեն: Այդ հանգամանքը լիովին գիտակցում են ՄԽ բոլոր համանախագահները: Ի դեպ, պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը դժվարին կացության մեջ էր հայտնվում, Բաքուն ուղղակի շփումներ էր ունենում Ստեփանակերտի հետ. մենք ունենք համապատասխան փաստաթղթերի մի պատկառելի թղթապանակ»,- ընդգծել է նա: