AM
17 Նոյեմբեր 2006 - 10:28 AMT

«Հանուն մարդկության» արշավը ծանոթացնում է ամերիկացիներին հայոց պատմությանը

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն են այցելել «Արշավ հանուն մարդկության» ամերիկահայ կազմակերպության անդամները: Նրանք հանդիպել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության անձնակազմի հետ: Այս տարվա հունիսից նոյեմբերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով խմբի անդամները կազմակերպել են քայլարշավ Լոս Անջելեսից Վաշինգտոն եւ 12 նահանգով անցնելով (գրեթե 5 հազար կմ)` ցույցեր են կազմակերպել ԱՄՆ 11 խոշոր քաղաքում: Խմբի ղեկավար Վահե Աբովյանն ու անդամները Լոս Անջելեսի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են: Քայլարշավի ընթացքում նրանք հանդիպումներ են կազմակերպել նահանգների կրթական հաստատություններում` իրենց հասակակիցներին ներկայացնելով Հայոց եղեռնի ճանաչման, նոր ցեղասպանությունների, մասնավորապես, Դարֆուրում ցեղասպանության կանխման անհրաժեշտությունը: Քայլարշավի շնորհիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը լուսաբանել են Կալիֆորնիա, Նեւադա, Յուտա, Կոլորադո, Նեբրասկա, Իլինոյս, Ինդիանա եւ Օհայո նահանգների տեղական պարբերականներն ու հեռուստակայանները: Քայլարշավն ավարտվել է նոյեմբերի 15-ին Սպիտակ Տնից դեպի Կոնգրես երթով, որից հետո մասնակիցները հանդիպել են Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: