AM
4 Դեկտեմբեր 2006 - 11:41 AMT

ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից կրակոց է արձանագրվել

Դեկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան հատվածում, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քիին (Մեծ Բրիտանիա), Միրոսլավ Վիմետալը (Չեխիա) եւ Ժասլան Նուրթազանը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն, ինչպես եւ նախորդ դիտարկումների ժամանակ, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին չի առաջնորդել իր առաջավոր դիրքեր: Բացի այդ, դիտարկման ավարտից մի քանի րոպե առաջ դիտարկման մասնակիցները արձանագրել են հրաձգային մեկ կրակոց, որը հնչել էր Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի աջ թեւից: Տուժածներ չկան: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: