AM
15 Մայիս 2007 - 11:49 AMT

Հայաստանյան ընտրություններ. Միջազգային հանրության գնահատականը ինքնահանգստացման հիմք չէ

Խորհրդարանում ներկայացված եւ ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ ներկայացնել ժողովրդի եւ ընդհանուր առմամբ երկրի շահերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարան անցած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայաստանը շատ ծանր վիճակում է` լուծված չէ ղարաբաղյան հիմնախնդիրը, բացակայում են հարաբերությունները Թուրքիայի հետ, տարածաշրջանի վիճակն անկայուն է, այս ամենը հիմք է տալիս տարբեր կուսակցությունների առավել ակտիվ համագործակցության համար ինչպես խորհրդարանում, այնպեսլ էլ դրանից դուրս»,-նշել է նա:

«Ժառանգության» առաջնորդը ընդգծել է, որ Հայաստանում անցած ընտրությունների դրական գնահատումը միջազգային հանրության կողմից դեռեւս հիմք չէ ինքնահանգստացման համար: «Մեզ հարկավոր է, որ հայ ժողովուրդը ճանաչի այդ ընտրությունները ազատ եւ արդար: Մենք արժանի ենք առավել ժողովրդավարական ընտրությունների»,-ասել է Հավհաննիսյանը` հավելելով, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխման կարիք ունի, մասնավորապես, պետք է փոխվեն այն դրույթները, որոնք արգելում են Հայաստանի քաղաքացիներին քվեարկել արտերկրում:

Մայիսի 12-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (առաջնորդ` վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը (նախագահ` ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությունը (առաջնորդ` ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան):