AM
16 Մայիս 2007 - 13:27 AMT

Ա. Բաղդասարյան. «Օրինաց Երկիրը» խորհրդարանում համագործակցելու է միայն «Ժառանգություն» կուսակցության հետ

«Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ներկա միջազգային դիտորդները տեսել են այն, ինչ կատարվել է ընտրությունների օրը: Այն, ինչ կատարվել է դրանից երկու օր առաջ, երբ ժողովրդին փող էին բաժանում ընտրություններին մասնակցելու համար, նրանք չեն տեսել: Հենց դրա համար էլ գնահատականը դրական էր: Ճիշտ է, մենք դեռ պետք է սպասենք ԵԱՀԿ վերջնական հայտարարությանը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ընտրությունների օրն ավելի քիչ խախտումներ են եղել, քան 2003 թվականին: «Սակայն այս անգամ ընտրողների կաշառումը մի քանի անգամ գերազանցել է իր մասշտաբներով բոլոր նախորդ ընտրությունները Հայաստանում: Մեր կուսակցությունը վկայություններ ունի, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել Սահմանադրական դատարան ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո»,- ընդգծել է Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ ՕԵ-ն չի պատրաստվում համագործակցել ՀՀԿ-ի կամ այլ խորհրդարանական կուսակցությունների հետ, բացի «Ժառանգություն» կուսակցությունից: «Մենք լինելու ենք խորհրդարանական ընդդիմություն եւ մեր աշխատանքը խորհրդարանում ուղղված է իշխանությունների գործողությունների դեմ»,- նշել է ՕԵ ղեկավարը:

ՕԵ կուսակցությունը Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններին անցել է ՀՀ ԱԺ, հավաքելով 7,04 ձայն` ստանալով մոտ 100 հազար ձայն: Երրորդ գումարման խորհրդարանում Բաղդասարյանը եղել է խոսնակ, ապա ստիպված լքել է իր պաշտոնը: ՕԵ կուսակցությունը մտնում էր իշխանամետ կոալիցիայի մեջ` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ Դաշնակցության հետ: