Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հիմնավորված է Վրաստանում առկա ներքին քաղաքական խնդիրներով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա վրացական ընդդիմության լուրջ ցույցը, բայց հեղափոխությունն ու իշխանության վերափոխումը քիչ հավանական են: Ընդդիմությունը բավականաչափ ռեսուրսներ չունի, որպեսզի երկրում նման փոփոխություններ իրականացնի»,- նկատել է հայ քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Վրաստանի ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը բավական թույլ եւ ոչ լեգիտիմ է, բայց վրացական ընդդիմությունն այդքան ուժեղ չէ, որպեսզի փոխարինի Սահակաշվիլիին:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտնել է, որ Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական հարաբերություններ կձեւակերպեն: «Կարծում եմ` դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- նշել է նա: Նախարարի խոսքով, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան երկրի նոր Արտաքին քաղաքականության ռազմավարության բաղկացուցիչ մասը:





