Մինչեւ ապրիլի 24 Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դժվար թե հայ-թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնաց` առաջին հերթին ելնելով սեփական շահերից»,- նկատել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ Անկարան շատ լավ հասկանում է, որ եթե բանակցությունների ժամանակ կոնկրետ արդյունքներ չարձանագրվեն, ապա Երեւանի հետ երկխոսությունը հաջողությամբ չի պսակվի: «Դրանից ելնելով` կարող եմ ասել, որ առնվազն մինչեւ Թուրքիայում պատասխան ֆուտբոլային հանդիպումը թուրքական կողմը Հայաստանի հետ հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր կստորագրի: Թուրքիայում հասկանում են, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարային չի հաջողվի դառնալ տարածաշրջանային խաղացող»,- ընդգծել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը:
Կիրո Մանոյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հասնել` Թուրքիայի հանդեպ չգնալով զիջումների: «Ես վստահ եմ, որ օգոստոսյան դեպքերից հետո Թուրքիան ինքը դարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնող»,- ընդգծել է Կիրո Մանոյանը:





