Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվում է միայն Ստեփանակերտում: Երեւանում չեն կարող որոշել այն մարդկանց ճակատագիրը, որոնք ապրում են ԼՂ-ում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե ԼՂ ժողովուրդը սպառնալիք զգա, ապա նա չի ենթարկվի»,- ընդգծել է Սամվել Բաբայանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ զիջումներ պետք է արվեն չափերի մեջ: «Երբ կողմերը բանակցություններ են վարում, նրանք պետք է պատրաստ լինեն զիջումների: Հայաստանը վաղուց է գնացել զիջումների` դեռեւս պատերազմի տարիներին ստորագրելով մի շարք պայմանագրեր»,- նկատել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը: Սամվել Բաբայանի կարծիքով, առաջ, երբ ԼՂ բանակցային գործընթացի անմիջական մասնակից էր, ԼՂՀ-ը տարածաշրջանում կարեւոր գործոն էր:





