AM
1 Սեպտեմբեր 2009 - 15:34 AMT

Գործողությունների` Արձանագրություններում ամրագրված ժամանակցույցն Անկարային թույլ չի տա այլ քայլի դիմել Երեւանի նկատմամբ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրություններում ամրագրված ժամանակցույցն այն մեխանիզմներից մեկն է, որն Անկարային թույլ չի տա այլ քայլի դիմել Երեւանի նկատմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Փաստաթղթերում հստակ նշված են այս կամ այն գործողության ժամկետները, եւ դա թույլ չի տա, որպեսզի Թուրքիան այլ քայլի դիմի»,- ընդգծել է հայ փորձագետը: Նրա խոսքով, այդ փաստաթղթերը կարող են իդեալական լինել, բայց ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք դրանք իդեալական կիրագործվեն, թե ոչ:

Ստեփան Գրիգորյանը նաեւ նկատել է, որ արձանագրություններում ոչինչ չի ասվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցի մասին: «Արձանագրություններում խոսվում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, որն ունենալու է իր ենթահանձնաժողովները: Փաստաթղթերում ընդամենը նշվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «պատմական հարթության» մասին, եւ հասկանալի է, որ կողմերը պետք է զանազան պատմական հարցե շոշափեն: Օրինակ, հայկական կողմը կարող է բարձրացնել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների եւ մշակութապատմական հուշարձանների դրության հարցը»,- հայտնել է Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով, որ յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է իր մեջ ռիսկ պարունակել, բայց դրանից պետք չէ վախենալ: