Մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանջ գործընթացում տեղաշարժեր չարձանագրվեն, «Խաղաղ Կովկաս» հայեցակարգը դժվար թե իրականություն դառնա: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է «Պենտա» Կիրառական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ֆեսենկոն: «Խաղաղ Կովկասի» գաղափարը կարելի է իրականացնել, բայց դրա ճանապարհին խնդրառատ պահերը շատ են, որոնց թվում առաջինը ղարաբաղյան հակամարտության լուծումն է»,- նշել է քաղաքագետը:
Երկրորդ խնդրառատ պահը, Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքով, ռուսական գործոնն է: «Մոսկվան բավական խանդոտ վերաբերմունք ունի Հարավային Կովկասի այն տարածաշրջանային նախագծերի հանդեպ, որոնց նա չի մասնակցում»,- նկատել է քաղաքագետը: Նա ավելացրել է, որ տարածաշրջանային նախագծեր մեկնարկելիս Կովկասի երկրները պետք է առաջին հերթին ուշադրությունը սեւեռեն տնտեսական շահերի վրա:





