AM
9 Հոկտեմբեր 2009 - 11:46 AMT

Սամվել Բաբայան. Շուտով թուրքերը Հայաստանից կպահանջեն Զանգեզուրը

Ես արդեն բազմիցս հայտարարել եմ այն ռիսկերի մասին, որոնք պարունակում են Հայ-թուրքական արձանագրությունները, եւ դրանցից ամենակարեւորը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանի ճանաչումն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ասում է, որ չնայած, որ փաստաթղթերում չկա «Կարսի պայմանագիր» բառակապակցությունը, երկրների միջեւ ներկայիս սահմանների ճանաչման կետում հենց դա է ենթադրվում: «Ես կարծում եմ, որ սխալ է ճանաչել ներկայիս Թուրքիայի տարածքը», – ասել է Բաբայանը եւ ավելացնելով, որ եթե Հայաստանը դիմի այդ քայլին, ապա նույն բանը պետք է անել Ղարաբաղի հարցում` Ադրբեջանը դե-յուրե պետք է ճանաչի ներկայիս ԼՂՀ տարածքը: Դրա հետ մեկտեղ Բաբայանը կասկած հայտնեց, որ դա կհաջողվի հայ իշխանություններին:

Նրա խոսքերով, Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու դեպքում, Հայաստանը ստիպված կլինի գնալ որոշ զիջումների ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: «Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչեւ, որ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, քանի որ Ղարաբաղը ողջ Կովկասի բանալին է», – նշել է Բաբայանը, ավելացնելով, որ Հայաստանը պետք է ավելի ուշադիր մոտենա ղարաբաղյան հարցի քննարկումներին:

Սամվել Բաբայանը մեկնաբանել է նաեւ Նախիջեւանում վերջերս կայացած թուրքալեզու ղեկավարների հանդիպումը, ասելով, որ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ շուտով Հայաստանից կպահանջեն նաեւ Զանգեզուրը: «Դա պետք է ուղերձ լինի Հայաստանի համար», – ընդգծել է նա;