AM
9 Հոկտեմբեր 2009 - 12:04 AMT

Կարսի պայմանագիրն իրավական ուժ ունի

Կարսի պայմանագիրն իրավական ուժ ունի, քանի որ չի դենոնսացվել Հայաստանի կողմից, ու թեեւ Արձանագրություններու այդ պայմանագիրը բառացիորեն չի նշվում, դրանցում ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը:

«Քանի դեռ Հայաստանը չի հայտարարել Կարսի պայմանագրի դենոնսացիայի մասին, այդ փաստաթուղթը գործող է համարվում: Այդ պայմանագրում կա Հայաստանի ստորագրությունը»,- նկատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը: Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը կարող էր գոնե ջանքեր գործադրել, որպեսզի Արձանագրությունները չպարունակեին տարածքային հարցեր, որոնք առկա են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, այլ պարզապես արձանագրեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը:

Վահան Փափազյանը նաեւ ասել է, որ միջազգային պրակտիկայում դա նորմալ երեւույթ է, երբ երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, բայց չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը: «Այն, որ Արձանագրություններում խոսվում է տարածքային խնդիրների մասին, Անկարայի հիմնական պահանջն է, որը կատարել է հայկական կողմը»,- հայտնել է նախկին նախարարը: