Բանաձեւի նախագիծը պարունակում էր որոշ գնահատականներ, որոնք ընդունելի չէին պաշտոնական Երեւանի համար: Փաստաթղթում, մասնավորապես, խոսվում էր Ղարաբաղի անվտանգության գոտու արեւելյան շրջաններից հայկական ուժերի դուրս բերման անհրաժեշտության մասին: Խոսքը Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Քուբալթիի եւ Աղդամի մասին է: Նշենք, որ ԼՂՀ-ն Հայաստանից առանձնացնող Լաչինը եւ Քելբաջարն այստեղ չեն հիշատակվում: Միաժամանակ, նախագծում խոսվում էր նաեւ Մեղրիի եւ Նախիջեւանի երկաթուղային կապի վերականգնման անհրաժեշտության մասին: (Ինչպես հայտնի է, մագիստրալն անցնում է այսօր ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքներով): Նշենք, որ այդ ճանապարհի գործարկումն առավել ձեռնտու է Ադրբեջանին, որը խիստ շահագրգռված է Նախիջեւանի հետ հաղորդակցության վերականգնմամբ:
Հայկական լոբբիստների ջանքերի շնորհիվ Պեր Գարտոնի այդ կասկածելի առաջարկը մերժվեց եվրոպական խորհրդարանականների կողմից: Բանաձեւի տեքստից հայկական կողմի միակողմանի զիջումների դուրս բերման նախաձեռնությամբ հանդես եկան Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող քրիստոնեա-դեմոկրատական եւ սոցիալիստական կուսակցությունները: Քվեարկությունը հաստատեց, որ միացյալ Եվրոպայի խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ղարաբաղի որոշ տարածքներում ղարաբաղյան ուժերի վերահսկողության հետ կապված հապճեպ գնահատականներ տալուն:
Չնայած բանաձեւում հայերի ցեղասպանության մասին հիշատակման դեմ թուրքական լոբբիստների ջանքերին, Եվրախորհրդարանը քվեարկեց 1987թ.-ի ապրիլին ընդունված փաստաթղթում ձեւակերպված մոտեցումները բանաձեւում հաստատող դրույթները պահպանելու օգտին: 17 տարի առաջ Եվրախորհրդարանը պաշտոնապես ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ցեղասպանության փաստը եւ նշել է, որ Թուրքիայի կողմից այդ պատմական ճշմարտության ընդունումը պետք է լինի այդ երկրի` ԵՄ-ին անդամակցելու նախնական պայմաններից մեկը: Այդ ժամանակվանից եվրոպական խորհրդարանականները, կարծես թե, մոռացել են այդ պահանջի մասին: 87-ին ընդունված որոշման մասին հիշատակումը պատահական չէ: Թուրքական լոբբիստների պարտություն կարելի է համարել նաեւ այն, որ եվրոպական օրենսդիրները հրաժարվեցին բանաձեւի տեքստից դուրս բերել Հայաստանի հանդեպ Անկարայի իրականացրած շրջափակման մասին դրույթը: Հայկական դիվանագիտության հաջողությունը եղավ նաեւ Պեր Գարտոնի հրաժարումը Մեծամորի ատոմային էլեկտրակայանին վերաբերող կոշտ ձեւակերպումներից: Նրա պատրաստած զեկույցը եւ բանաձեւը չեն պարունակում ԱԷԿ-ի անհապաղ փակման մասին պահանջներ: Այդ խնդրի լուծումը կապվում է տարածաշրջանում էներգետիկայի զարգացման հեռանկարների եւ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ապահովման հետ: Ընդ որում, որոշակի պարտավորություններ է իր վրա վերցնում Եվրամիությունը, որը, նշենք, մինչ օրս այլընտրանքային ատոմային կայանի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, չնայած խոստացել էր:





