Ադրբեջանական պարտքի հետ կապված պատումն արդեն գրեթե տասնամյա պատմություն ունի: 90-ական թվականների սկզբին թուրքական մի ընկերություն միջոցներ էր ներդրել Ադրբեջանի թեթեւ արդյունաբերության ոլորտում, սակայն կառավարությունը չէր կատարել իր պարտավորությունները, եւ արդյունքում ներդրողը թողել էր երկիրը: Սակայն ներդրված միջոցները չեն վերադարձվել: Կոպիտ ասած, ադրբեջանցիները խաբել են թուրքերին: Թուրքերն էլ սա չեն ներել:
Տաս տարի շարունակ պաշտոնական Բաքուն հրաժարվում էր վճարել: Բաքվի ղեկավարները շարունակում էին անտեսել դատարանի պահանջը: Դատարանը հաստատել էր թուրքական կողմի պահանջները` բռնագրավել Ադրբեջանին պատկանող գույքը եւ աճուրդով վաճառել այն: Սակայն հանկարծ մեկ գիշերվա ընթացքում իրադրությունը կտրուկ փոփոխվեց է, եւ Ալիեւը հանձնվեց: Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ դատական կատարածուները առգրավեցին երրորդ ադրբեջանական բեռնատարը: Բաքվի համար այս քայլն իսկապես անակնկալ էր, քանի որ կառավարությունում կարծում էին, թե նման վտանգից ապահովագրված էին: Նախագահը հրահանգել էր, որ ադրբեջանական նավերը եւ ինքնաթիռները վայրէջք չկատարեին Թուրքիայում, որպեսզի դրանով խուսափեին ձերբակալությունից: Սակայն սեպտեմբերի 20-ին ձերբակալված «Աշուղ Ալեքսեր» բեռնանավը թուրքական նավահանգիստ չէր մտել, այլ պարզապես տրանզիտով անցել էր Թուրքիայի ջրերը: Սա նշանակել էր «պատերազմի» նոր փուլի սկիզբ, որտեղ Բաքուն հաջողության ոչ մի հնարավորություն չուներ: Ադրբեջանական տրանսպորտային ընկերությունները կաթվածահար վիճակում են, քանի որ զրկվել են Սեւ, Միջերկրական եւ Էգեյան ծովերից օգտվելու հնարավորությունից: Բաքվում սկսել են գիտակցել, որ աճող դիվանագիտական սկանդալը կարող է ծայրահեղ բացասաբար ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: Անխուսափելի էր չհանձնվելը նման իրադրությունում:
Բացի քաղաքական հետեւանքներից կային նաեւ տնտեսականները: Ամեն մի նավի օրական պարապուրդն արժե հինգ հազար դոլար: Գրեթե նույնչափն է նաեւ ինքնաթիռների դեպքում: (Հիշեցնենք, որ առգրավվել էին երեք նավ եւ երկու ինքնաթիռ): Ըստ էության, անձնակազմի 150 անդամները նույնպես ձերբակալված են: Ադրբեջանական տրանսպորտային ընկերությունները փաստացիորեն զրկված են Թուրքիայի եւ Ուկրաինայի նավահանգիստների միջեւ գտնվող երթուղային գծից օգտվելու հնարավորությունից, քանի որ բոլոր պայմանագրերը չեղյալ են համարվել: Ադրբեջանական փորձագետները հաշվարկել են, որ ծովային փոխադրամիջոցների շուկայում կորցրած դիրքի վերականգնման կրկնակի փորձի համար նվազագույնը մեկուկես միլիոն դոլար կպահանջվի:
Լիովին ակնհայտ է, որ ստամբուլյան մասնավոր ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ ծագած վեճն Անկարայի համար ընդամենը առիթ էր պաշտոնական Բաքվին իր տեղը ցույց տալու համար: Թուրքերը հասկացնել տվեցին, որ եղբայրության մասին խոսակցությունները ոչինչ չեն նշանակում, երբ շահերը բաշխվում են, կամ առավել եւս` բախվում: Բաքվեցիները մշտապես տառապել են այն մտապատրանքով, թե թուրքերն ու ադրբեջանցիները հավերժ հարազատ եղբայրներ են, եւ որ ավագ եղբայրը երբեք ձեռք չի բարձրացնի կրտսերի վրա: Հենց այդ պատճառով էլ Անկարայի հասցրած ապտակն այդչափ ցավագին էր ընդունվել: Էրդագոնին հաջողվել է Ադրբեջանի բացասական վարկանիշը ձեւավորել իր համերկրացիների մոտ: Սա բավականին բարենպաստ մթնոլորտ է Հայաստանի հետ ամբողջական բանակցություններ սկսել ծառացած խնդիրների շուրջ:





