AM
20 Փետրվար 2005 - 00:00 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՓԱԿՈ՞ՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սերգեյ Լավրովը խոստացավ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտանին եւ երկաթգծի գերատեսչության ղեկավար Գենադի ֆադեեւին փոխանցել Հայաստանի ղեկավարության անհանգստությունը` կապված բոլոր առումներով կասկածելի թվացող այդ նախագծին Մոսկվայի մասնակցությանը: Բաքվում հրատարակվող «Էխո» թերթն այդ առումով հայտնել է, թե Երեւանում ռուս նախարարը խոստացել է «Ադրբեջանին դուրս հանել Հյուսիս-Հարավ նախագծից»: Նմանատիպ տեղեկությունների հավաստիության մասին անիմաստ է խոսել: Սակայն կարիք կա խոսել Ռուսաստանի տարօրինակ դիրքորոշման մասին, որը նախաձեռնում է մի ծրագիր, որով իր ռազմավարական գործընկերը կարող է դուրս մնալ այժմ առկա (չնայած ժամանակավորապես չգործող) տրանսպորտային շղթայից:

Լիովին ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի գլխավոր խնդիրը ոչ թե այլընտրանքային տրանսպորտային ճանապարհի ստեղծումն է, այլ` Հայաստանի մեկուսացումը: Իրանի քայլերի մեջ էլ կարելի է բացատրություն գտնել, որը շահագրգռված է քաղաքական հորիզոնական առանցքն ամրապնդող ցանկացած նախաձեռնությունով: Իսկ ահա Ռուսաստանի դիրքորոշումը, կարծում ենք, բացատրությունների կարիք ունի: Ինչո՞ւ Մոսկվան հսկայական ռեսուրսներ պետք է ներդնի նոր ճանապարհի շինարարության մեջ, եթե գոյություն ունի Հայաստանի տարածքով Իրանը Ռուսաստանին կապելու հնարավորությամբ մայրուղին: Որպեսզի Թեհրանից ոչ հեռու գտնվող Կազվին քաղաքը միացվի սահմանամերձ ադրբեջանակն Աստարա ավանին, կպահանջվի գցել ավելի քան 400 կմ երկաթգիծ: Ամենահամեստ հաշվարկներով դրա համար կպահանջվի 600 միլիոն դոլար, իսկ մի շարք այլ տվյալներով` նույնիսկ մինչեւ մեկ միլիարդ: Այս նախագծի կոմերցիոն նպատակահարմարությունը խիստ կասկածելի է թվում: Հայտնի է, որ Թավրիզ-Ջուլֆա-Մեղրի մայրուղու շահագործման համար կպահանջվի ընդամենը մի քանի հարյուր հազար դոլար:

Հատկանշական է, որ հայկական ուղղությամբ մայրուղու շահագործումը ամենեւին էլ չի հարվածի Ադրբեջանի կոմերցիոն եւ աշխարհաքաղաքական շահերին: Բանն այն է, որ այժմ չգործող երկաթգիծն անցնում է նաեւ Ադրբեջանի տարածքով: Այսինքն, Բաքուն միեւնույն է մնում է տրանսպորտային շղթայի օղակ: Անհամոզիչ են ադրբեջանական ղեկավարների` գործընկերներին համոզելու փորձերը, թե այդ ճանապարհի շահագործումն անհնար է Հարավային Ղարաբաղի շրջաններում հայկական ուժերի առկայության պատճառով, քանի որ մինչ հակամարտության վերջնական լուծումը, բեռները Նախիջեւանի շրջանի Ջուլֆա ավանից կարող են տեղափոխվել նաեւ հյուսիսային ուղղությամբ` Արարատ քաղաքով:

Ջուլֆա-Մեղրի կամ Ջուլֆա-Արարատ ճանապարհներից որեւէ մեկի շահագործումը կնմաստեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի որ Երեւանը եւ Բաքուն ընդհանուր շահեր կգտնեին: Սակայն Իրանը եւ Ռուսաստանը Ադրբեջանին ընդառաջ գնացին, որը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ որեւէ տնտեսկան կապ ունենալ: «Կազվին-Ռեշտ-Աստանա» նախագիծը կարող է դանդաղեցնել երկաթգծի նախիջեւանա-հայկական հատվածի շրջափակման վերացման հարցի լուծումը: Բացի այդ, կասկածելի նախագծի հաջող իրականացման դեպքում, նույնիսկ եթե Ադրբեջանը վերացնի շրջափակումը, միեւնույն է Հայաստանը լիարժեքորնե չի կարողանա ներգրավվել տարածաշրջանի տրանսպորտային համակարգի մեջ: Դեպ Իրան ճանապարհը Երեւանը կարող է օգտագործել միայն սեփական կարիքների համար: Տրանզիտային երկրի կարգավիճակից զրկվելով` Հայաստանը տարեկան կկորցնի տասնյակ միլիոն դոլարներ: Այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցության առկայությունը բացասաբար կազդի նաեւ Երեւանի աշխարհաքաղաքական դիրքի վրա: Ակնհայտ է, որ ձգտելով իրականացնել Կազվին-Ռեշտ-Աստանա ճանապարհի շինարարությունը` Ադրբեջանը նախապատրաստվում է այն օրվան, երբ այլեւս ի վիճակի չի լինի շարունակել շրջափակումը: Բաքվում հույս ունեն, որ «Հյուսիս-հարավ» միջանցքի շնորհիվ նրանց կհաջողվի հավետ մեկուսացնել Հայաստանին:

Մինչ վերջերս թվում էր, թե Ռուսաստանը մասնկացում էր Կազվին-Ռեշտ-Աստանա ճանապարհի շինարարության հեռանկարների քննարկումներին միայն այն բանի համար, որ չնեղացներ ադրբեջանցիներին: Հայ փորձագետները այնքան էլ չէին հավատում, որ Մոսկվան այնպիսի քայլ կանի, որը կվտանգի իր ռազմավարական գործընկերոջ ազգային շահը: Սակայն փետրվարի 9-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների գերատեսչությունների ղեկավարների երկրորդ նստաշրջանը, որտեղ ստորագրվեց Կազվին-Աստանա ճանապարհի շինարարության եռակողմ կոնսորցիում ստեղծելու մասին համաձայնագիրը: Արդեն հաստատված է դրա նախնական կանոնադրական ֆոնդը: Հատկանշական է, որ կոնսորցիումի գրասենյակը գտնվելու է հենց Մոսկվայում: Այսինքն, ակնհայտ է, որ Ռուսաստանն ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Հայաստանի համար խիստ վտանգավոր նախագծում:

Առայժմ իր տարօրինակ դիրքորոշման համար հստակ բացատրություններ Մոսկվան չի տվել: Այցի ընթացքում Սերգեյ Լավրովը միայն հավաստեց, որ Ռուսաստանը «առավելագույնս հաշվի է առնում Հայասատնի շահերը եւ նրան վնասող քայլեր չի ձեռնարկի»: Սակայն, անհասկանալի է, թե ինչպես է դրսեւորվում ռուսների «հոգատարությունը» իրենց ավանդական դաշնակցի նկատմամբ: Ենթադրվում է, որ այդ հարցը անհապաղ պետք է քննարկման առարկա դառնա նախագահներ Քոչարյանի եւ Պուտինի սպասվելիք հանդիպման ժամանակ:

Արտյոմ Երկանյան