Գուանատանամոյի բանտը փակելով եւ Իրանի հետո գոնե ինչ-որ հարաբերություններ հաստատելու մտադրությամբ Բարակ Օբաման բավական հստակ հասկացրեց, որ Ջորջ Բուշի վարած քաղաքականությունը կտրականապես փոխվելու է: Ընդ որում, այդ փոփոխությունները, անկասկած, լինելու են ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհում Ամերիկայի վարկի վերականգնման օգտին: Այնուամենայնիվ, միմյանց ընդառաջ ԱՄՆ եւ Իրանի հստակ գործողությունների մասին խոսելը, իհարկե, դեռ վաղ է: Ճիշտ է, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Բարակ Օբամային շնորհավորական ուղերձ է հղել: ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսի խոսքով, Իրանի առնչությամբ Վաշինգտոնը վարելու է ճնշման եւ երկխոսության դիվանագիտություն` ներառյալ ուղղակի դիվանագիտական հաղորդակցությունը: Բայց միեւնույն ժականակ Իրանը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի մերձարեւելյան քաղաքականությունը տարբերվելու է Ջորջ Բուշի վարած քաղաքականությունից: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքով, ԱՄՆ լռությունը եւ, փաստորեն, օգնությունը Իսրայելին դարձել է քաղաքականության փոփոխության վերաբերյալ կասկածի պատճառը:
Հարկ է նշել, որ վերջերս ակտիվացել են Իրան-Հայաստան հարաբերությունները: Խոսքն արդեն ոչ միայն գազատարի կառուցման, այլեւ` երկաթուղային ճանապարհի նախագծի մասին է, որը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ նրան կկապի ոչ միայն Պարսից ծոցի երկրների, այլեւ` Չինաստանի հետ: Իսկ հենց չինական գործոնը կարող է մոտակա տարիներին բավական նշանակալից դառնալ: Այդ մասին խոսում է առնվազն այն, որ ներկայիս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքին մասնակցում է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն: Համատեղ ծրագրերի շրջանակներում, բացի Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհից, ուրվագծվում է նաեւ նավթամուղը Թեբրիզի նավթամշակման գործարանից մինչեւ Հայաստանի Արարատյան մարզում կառուցվելիք հատուկ պահեստարանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ սահմանակից գոտում գտնվող ՀԷԿ-ը Արաքս գետի վրա: Օրակարգում է նաեւ հայ-իրանական հարաբերությունների տեղափոխումը ՌՏՊ չափանիշներին համապատասխան:
Իրան-Հայաստան ե/գ արժեքը կիսվելու է երկու երկրների միջեւ, բայց, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, Հայաստանի համար 1 մլրդ դոլար վճարելը բարդություն կներկայացնի, ուստի որոշիչ կարող է դառնալ խոշոր ներդրողների ներգրավումը: 2008թ. դեկտեմբերին հայկական խորհրդարանական պատվիրակության` Պեկին կատարած այցի ընթացքում երկաթուղային գծի կառուցմանը մասնակցելու հրավիրվեց Չինաստանը: Այդ առաջարկը դիտարկվելու է չինական խորհրդարանում, հաղորդում է իրանական Fars տեղեկատվական գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ Իրանը հանդես է գալիս Կասպիական ավազանի հատակով ցանկացած խողովակաշարի կառուցման դեմ, որը Ղազախստանի նավթն արտահանելու է Ադրբեջան` դեպի Եվրոպա հետագա արտահանման նպատակով: «Կասպիայով անցնող խողովակաշարը վտանգ է ներկայացնելու Կասպիայի բնապահպանական համակարգի համար»,- հայտնել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Հուսեյն Նոգրեկար-Շիրազին, գրում են իրանական ԶԼՄ-ը: Փոխնախարարն ավելացրել է, որ Ռուսաստանը նույնպես օժանդակում է Իրանին` հանդես գալով Կասպիայով անցնող խողովակաշարի կառուցման դեմ:
Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները, չնայած խաղաղության եւ բարեկամության մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին, բոլորովին էլ այդպիսին չեն, եւ դա առաջին հերթին բխում է Ադրբեջանի բողոքներից Արեւելյան Ատրպատականի գաղութի հանդեպ, որը Բաքվում Հարավային Ադրբեջան են կոչում: Այստեղ վերջին դերը չի խաղում նաեւ Ադրբեջանի կողմնորոշումը դեպի թյուրքական աշխարհը: Փաստորեն, Բաքվի եւ Թեհրանի միջեւ պայքար է ընթանում էներգակիրների սպառման շուկաների համար, եւ այստեղ Իրանն ավելի շատ շանսեր ունի, թերեւս, այն պատճառով, որ Իրանը հանդիսանում է OPEC-ի անդամ, իսկ Ադրբեջանը` ոչ: Բաքվին հրավիրում են Կազմակերպության գագաթաժողովներին, բայց դա ավելի շուտ քաղաքական քայլ է, քան` համագործակցության իրական հրավեր:
Այդ առումով Հայաստանը, որքան էլ որ դա տարօրինակ է թվում, ավելի շատ շանսեր ունի տարածաշրջանի առաջնորդի հետ գործընկերության, ընդ որում` տարբերություն չկա, թե ում` Իրանի, թե Թուրքիայի: Որոշ հայտանիշների համաձայն, Թուրքիան սկսում է ազատվել «ադրբեջանական կախվածությունից», ինչի մասին խոսում են Բաքվի մամուլում հաճախակի դարձած հակաթուրքական հայտարարությունները` առայժմ ոչ այնքան կտրուկ: Դրա հետ մեկտեղ, Թեհրանի վերլուծաբանների կարծիքով, Իրանի եւ Հայաստանի համատեղ նախագծերի ծրագրերը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում կդառնան տարածաշրջանի առնչությամբ նախագահ Բարակ Օբամայի մտադրությունների առաջին ստուգումը:
Իրանը բնական ռեսուրսներով ավելի հարուստ երկիր է, քան Թուրքիան, եւ այդ առումով ավելի մեծ շանսեր ունի տարածաշրջանում առաջնորդ դառնալու համար: Բայց հարկ է նշել, որ Թեհրանին կարող է խանգարել կրոնի իշխող դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց կարող է եւ չխանգարել. ամեն ինչ կախված է հունիսին սպասվող նախագահական ընտրություններից: Եւ բոլորովին էլ փաստ չէ, որ Ահմադինեջադը կվերընտրվի, բայց այդպիսի երկրում եւ այդպիսի ընտրությունների պայմաններում շատ դժվար է կանխագուշակել թեկնածուների հնարավորությունները:





