Ճիշտ է, այստեղ հարկ է նշել, որ աշխարհում ոչ բոլորը են պատրաստ ընդունել այաթոլլաների վարչակարգն ու համագործակցել վերջինիս հետ: Ընդդիմությունը, ի դեմս Ռաֆսանջանիի եւ Հաթամիի, մինչ այժմ փորձում է վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Չենք նշի, թե որքանով են լուրջ կամ անլուրջ նրանց հավակնությունները. ցանկացած արեւելյան, արեւմտյան երկրում նույնպես, ընտրություններն ընդդիմության համար իր մասին հիշեցնելու, կամ, եթե այդպիսի պատվեր կա, «ոչ մեծ հեղափոխություն» կատարելու համար լավ առիթ են հանդիսանում: Ինչն էլ մինչ այժմ փորձում է Իրանում իրականացնել ընդդիմությունը` ժողովրդին ցույցերի եւ հանրաքվեի կոչ անելով: Սակայն այն, ինչ գործել է մի շարք երկրներում, այդ երկրում ակնհայտորեն չի գործի: Եվ գործը միայն իրանցիների մտածելակերպի մեջ չէ, պարզապես, եթե հեղաշրջում տեղի ունենա, այն մեծ արյունահեղությամբ եւ ահռելի տարածաշրջանի ապակայունացմամբ կավարտի: Հենց այդ պատճառով Արեւմուտքն Իրանին հաստատուն «ոչ» չի ասում: Իսկ եթե ավելացնենք Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի շուրջ տարվող անհասկանալի խաղերը, ապա կարելի է ենթադրել, որ Թեհրանը կարող է, այսպես ասած, որոշ զիջումներ կատարել: Իրանին, տարածաշրջանային նախագծերում մասնակցությունից շատ, անհրաժեշտ է ելքը դեպի աշխարհ, որպեսզի դադարեն իրեն վերագրել «վտարանդի երկրների» շարքին: Հենց այդ նպատակով էլ հայտարարություններ են արվում Nabucco-ի համար գազ մատակարարելու պատրաստակամության մասին, որը «երազների գազատարից» կվերածվի իրականության միայն այն դեպքում, եթե այն լցվի իրանական գազով: Ադրբեջանի հետ կարծես ամեն ինչ պարզ է` Եվրոպա կհասնեն Գազպրոմից մնացած փշրանքները: Դեռ ավելին, ԵՄ եռյակի վերջին կոշտ հայտարարությունը ձերբակալված լրագրողների մասին, որը լրջորեն վնասում է Բաքվին համաշխարհային հանրության աչքերում, կարող է Ադրբեջանն «անհարմար» գործընկեր դարձնել, որքան էլ որ Բաքուն դա չհերքի:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա այստեղ եւս Իրանը կցանկան եւ, հավանաբար կկարողանա այնպես անել, որպեսզի բանակցային գործընթացում հաշվի առնվեն նաեւ իր շահերը: Եվ դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ-ը կհրաժարվի հաշվի առնել այդ գործոնը: Պատճառները մի քանիսն են, իսկ դրանցից ամենակարեւորն անձնական շահագրգռվածության բացակայությունն է (համենայնդեպս խոսքերով), ի հակակշիռ Թուրքիայի բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշման: Բնականաբար, եթե ընտրելու լինենք, Իրանի հնարավորությունները նախապատվելի են:
Սակայն, այս ամենը դեռ վերջը չէ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի վերնախավի ներկայացուցիչներին ուղղված կտրուկ «շշպռանքը», որոնք խախտում են պետության հիմքերը, աշխարհին պարզորեն ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է դառնալ Իրանը, եթե ընդդիմությունը չդադարեցնի բողոքի ցույցերը: Կլինեն ձերբակալություններ, գնդակահարություններ, լավագույն դեպքում արտաքսում երկրից: Այսինքն` տեղի կունենա մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ, երբ իշխանության գլուխ անցավ այաթոլլա Ռուխոլլա Հոմեյնին: Վերը նշված հարկ է ավելացնել եւս մի հանգամանք. Իրանն այն երկիրը չէ, որին կարելի ահաբեկել կամ շանտաժի ենթարկել, ինչպես, օրինակ, Թուրքիային: Կարող է այնպես ստացվել, որ Թեհրանն Արեւմուտքի համար առավել ընդունելի դաշնակից դառնա` հաշվի առնելով նրա կանխատեսելիությունը, ինչը չի կարելի ասել Թուրքիայի, առավել եւս Ադրբեջանի մասին, որի ղեկավարությունում, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Դա հատկապես նկատելի է Սարգսյան-Ալիեւ մոսկովյան հանդիպումից հետո, երբ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մի բան էր ասում, իսկ երկրի նախագահը` մեկ այլ բան: Իմիջիայլոց, խոսքի մեջ նշենք, որ այդ տարաձայնությունները սկսել են դեռեւս նախագահների հուլիսյան հանդիպումից, եւ թե դրանք ինչի կհանգեցնեն, ասելն առայժմ բարդ է:
Հայաստանի համար, իր աշխարհաքաղաքական դիրքի բերումով, գերադասելի է համագործակցությունն Իրանի հետ, առավել եւս, որ դա այժմ այնքան էլ «վատ» տպավորություն չի գործում Արեւմուտքի վրա: Այսօր Ադրբեջանը, այդպես էլ չկարողանալով կողմնորոշվել իր նախապատվությունների հարցում, գրեթե կորցրել է տարածաշրջանի իր կեղծ ընկերներին, եւ որքան էլ որ Բաքվի քարոզչական մեքենան պնդի, թե «երկիրը տարածաշրջանում միակն ու անկրկնելին է», դրանից ոչինչ չի փոխվում: Այնպես որ, ըստ երեւույթին, Իրանը որոշել է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում, եւ նրան դրանում կարող է խանգարել միայն հանգամանքների «պատահական» զուգադիպությունը:





