Հենց դա էլ կարեւոր է այժմ: Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք է այն, որ Արձանագրություններում ոչ մի բան չկա ղարաբաղյան խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին:
Սակայն այս դեպքում առավել հետաքրքրական է Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարելի է բնութագրել միայն մեկ խոսքով` ընդարմացում: Ադրբեջանցի քաղաքական գործիչները ըստ հասնող տեղեկությունների շփոթության մեջ են` Անկարան փաստորեն իրեն որպես գործընկեր է ընտրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ճշտորեն հաշվարկելով, որ այս դեպքում իր համար առավել լավ կլինի ձգտել տարածաշրջանային առաջնորդի դերին, քան մնալ Իլհամ Ալիեւի անհեռատես քաղաքականության պատանդը: Ճիշտ է, ի օգուտ Հայաստանի ընտրությունն արվեց հանգամանքների ճնշման տակ եւ ոչ լավ կյանքից ելնելով, սակայն այն արվել է: Բաքուն արդեն վերջնականապես հասկացավ, որ Ղարաբաղն երբեք չի պատկանի Ադրբեջանին, անկախ Ալիեւի հայտարարություններից: Եվ ինչ է նրան մնում, եթե ոչ «հանգստացնել» սեփական ժողովրդին ստի տասնամյակներից հետո այն մասին, թե ուր որ է հայերը կվերադարձնեն 7 շրջաններն ու ԼՂՀ-ն…Ամեն ինչ ավարտվեց 2009 թվականի օգոստոսի 31-ին: Այս առումով, կարելի է ասել, որ հայկական դիվանագիտությունը հաղթեց հերթական փուլում, սակայն վերջնական հաղթանակի մասին դեռեւս վաղ է խոսել: Այո, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի, սակայն Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ կշարունակի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միջամտելու իր փորձերը, թեեւ ներկայումս կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Որպես այդպիսին խնդիր չկա` այն լուծել է ԼՂՀ ժողովուրդը 18 տարի առաջ եւ լուծել է ինքնուրույն:
Հավանաբար այն, որ հենց օգոստոսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ետ կանչեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում իրենց միջնորդներին եւ դեռ չեն նշանակել նորերին, ինչ-որ բան նշանակում է: Արդյոք սա չի նշանակում, որ ՄԽ ձեւաչափն արդեն չի գործում եւ ինչ-որ նոր բան է հարկավոր, ինչը կստիպի Ալիեւին խաղաղ պայմանագիր ստորագրել Ստեփանակերտի հետ: Հենց Ստեփանակերտի, ոչ թե Հայաստանի, ինչպես դեռեւս հույս ունեն Բաքվում:
Սակայն վերադառնանք հայ-թուրքական հարաբերություններին, ավելի ճիշտ դրանց կարգավորմանը: Հայ հանրության մտավախությունները սահմանի բացման հարցում միանգամայն հիմնավորված են, քանի որ Հայաստանում կարող է գրանցվել Թուրքիայի քաղաքացիների ներհոսք, որոնք հետագայում կարող են դառնալ հինգերորդ քրդաթուրքական շարասյունը` սպառնալով ազգային անվտանգությանը: Սահմանը պետք է բացվի, անկասկած, սակայն, պետք է որոշ սահմանափակումներ մտցվեն: Օրինակ, թուրք-վրացական սահմանը բաց է առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը, ընդ որում այդ սահմանափակումները մտցրել է թուրքական կողմը: Նման մի բան անպայման պետք է անել նաեւ մեր դեպքում, ընդ որում նախաձեռնությունը պետք է բխի Երեւանից: Թուրքիայի արեւելյան շրջանների բնակչությունը բավական դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն այստեղ եւս Անկարան իր հեռատեսությունը դրսեւորեց: Թուրքիայի ազգային քաղաքականությունը հետեւյալն է. սահմանամերձ շրջաններում հիմնականում քրդեր են բնակվում, սակայն բոլոր գյուղերը, որոնք գտնվում են ՀՀ սահմանի անմիջական հարեւանությամբ, բնակեցված են բացառապես թուրքերով: Այնպես որ քրդերը, որոնք այժմ ցանկանում են նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, անխուսափելիորեն կբախվեն թուրք բնակչության հետ, որն առանձնապես նման ցանկություն չունի: Այնուամենայնիվ, Թուրքիան դիտարկում է հայերին ու քրդերին որպես պոտենցիալ դաշնակիցների` կենտրոնական իշխանությունների դեմ պայքարում: Պատահական չէ, որ Վանի փողոցներում ոստիկանները նույնիսկ օրը ցերեկով ինքնաձիգներով են ման գալիս: Եվ ոչ միայն Վանի: Ողջ արեւելյան Թուրքիան, այսինքն Արեւմտյան Հայաստանը, մի կաթսա է, որ ամեն վայրկայն կարող է պայթել եւ Անկարայի գլխավոր խնդիրն է կանխել նման սցենարը: Հակառակ դեպքում Թուրքիան ուղղակի կփլուզվի: Եվ սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան գնաց նման քայլի, ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն է, ինչի էլ դա հանգեցնի ապագայում:





