Օգոստոսի 3-ին Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանին պարգևատրել է «Ոսկե դար» պատվո նշանով: Մշակույթի նախարարության պատվո նշանը շնորհվել է Սերգեյ Մանասարյանին հայ-բուլղարական մշակութային կապերի զարգացման գործում իր բացառիկ ներդրման համար:
Ողջույնի խոսքում Վեժդի Ռաշիդովը նշել է, որ Սերգեյ Մանասարյանի գործադրած ջանքերի շնորհիվ մշակութային երկխոսության ոլորտում իրագործվել են մի շարք տպավորիչ միջոցառումներ, այդ թվում` Բուլղարիայի մշակույթի օրերը Հայաստանում (2009 թ.), Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդեսը Սոֆիայում, «Հայաստանի գույներ» ցուցահանդեսը Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում, Ջիվան Գասպարյանի, «Կոմիտաս» քառյակի, բազմաթիվ այլ հայ երաժիշտների համերգները Բուլղարիայի տարբեր քաղաքներում:
Պարգևատրման արարողությունից հետո Բուլղարիայի մշակույթի նախարարի և դեսպան Մանասարյանի միջև առանձնազրույց է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





