Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի երիտասարդությանը` Գիտելիքի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարևոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից:
Այսօր էլ կրթված ու զարգացած երիտասարդը կարևոր դեր ունի կատարելու մեր պետության հետագա առաջընթացի ապահովման գործում: Կրթության ու գիտության ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մեր աշակերտները հաճախեն նոր ու վերանորոգված դպրոցներ, ստանան ժամանակակից կրթություն:
Այսօր ուզում եմ հատկապես շնորհավորել մեր այն բալիկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին: Թող ուսումնառության այդ տարիները նրանց համար լինեն հարուստ ու բովանդակալից:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում»: Այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:





