AM
8 Հոկտեմբեր 2010 - 08:15 AMT

ԱՄՆ-ն «ճանապարհային քարտեզը» համարում է բոլոր «վերքերի սպեղանի», այդ թվում նաև ղարաբաղյան հարցում

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և հուսով է Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ գտնել կարգավորման բանաձևը, որն ընդունելի կլինի հակամարտության երկու կողմերի համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ԵԱՀԿ կից ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Յեն Քելլին:

«Պետք է ասեմ, որ մենք շատ մտահոգված ենք ԼՂ շփման գծում միջադեպերի քանակի ավելացմամբ, այն ողբերգական դեպքերով, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել: Դա շատ տագնապալի իրավիճակ է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն իր դերն է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման մեջ: Միջազգային միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շատ ակտիվ են և մշտապես ներկա են այդ տարածաշրջանում, ամուր կապեր ունեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, փորձում են պաշտպանել Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը: «Հիմա ամենակարևորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ դիվանագիտական գործընթացն ապահովելու համար»,- ընդգծել է ամերիկացի դեսպանը, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կմասնակցեն Աստանայի գագաթաժողովին: Մենք կցանկանայինք տեսնել, որ երկու կողմերը պարտավորվել են հետևել որոշակի և հասկանալի սկզբունքների, որոնք հանգեցնելու են բանակցային գործընթացի և կարգավորման: Մենք կարող ենք հրավիրել կողմերին, գոնե համաձայնվել որոշակի «ճանապարհային քարտեզի» հակամարտության կարգավորման համար»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը: