AM
26 Նոյեմբեր 2010 - 10:27 AMT

Հովիկ Աբրահամյան. Մենք վերահաստատում ենք պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը

Նոյեմբերի 25-ին Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Հալեպում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:

Ողջունելով հայ բարեկամներին` ՍԱՀ գլխավոր Մուֆթին բարձր գնահատեց ԱԺ նախագահի այցը Սիրիա եւ նշեց, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր եւ եղբայրներ են: Նա անգնահատելի համարեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը եւ հույս հայտնեց, որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը անգնահատելի համարեց հայ ժողովրդի պատմության ողբերգական պահին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցությունը ևւ նշեց, որ սիրիահայ համայնքը բարեկամության ամուր կամուրջ է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սիրիան մշակույթների եւ կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության լավագույն օրինակ է հանդիսանում:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հալեպից մեկնեց Դեյր Զոր: Օդանավակայանում ԱԺ նախագահին եւ պատգամավորներին դիմավորեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը, նահանգային իշխանության անդամները եւ պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը մեկնեց Ս.Նահատակաց հայկական եկեղեցի: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները այցելեցին ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին, գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում:

Եկեղեցուն կից սրահում հանդիպում կայացավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Եթե ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող եւ սրբավայր դարձած հուշարձանների մոտ, ապա Դեյր Զորը համայն հայության համար դարձել է ամենօրյա այցելության սրբավայր: Այստեղ, սիրիական հողի վրա թուրք յաթաղանից մազապուրծ հայրենազրկված եւ ունեզրկված 1,5 միլիոն հայություն նահատակվեց: Այս անապատում էր, որ գրեթե մեկ դար առաջ հայ մայրերը` անօթեւան եւ անպաշտպան, բայց եւ չհուսալքված, իրենց արցունքներով ավազի վրա մեսրոպյան այբուբենի տառերն էին պատկերում` իրենց զավակներին հայ պահելու եւ նրանց մեջ հայկական ոգին սերմանելու համար», -նշեց Հովիկ Աբրահամյանը: «Մենք այստեղ ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված եւ իրագործված 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ, միաժամանակ վերահաստատելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը», -եզրափակեց ԱԺ նախագահը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: